1000х90.jpg (78 KB)

Սփյուռքի նախարարությունը Հայաստանում հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ պարզում է համայնքների կարծիքները /լրացված/

Armenpress 13:30, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ: Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել feedback@mindiaspora.am էլ. հասցեին»,- գրել է Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Ավելի ուշ նախարարի պաշտոնակատարը ևս մեկ գրառում կատարեց՝ փաստելով, որ ՀՀ օրհներգի փոփոխություն օրակարգում չկա: «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին գրառումս արժանացավ հանրային լայն քննարկման, ցանկանում եմ պարզաբանել՝ ՀՀ օրհներգի փոփոխություն օրակարգում ՉԿԱ:

Հարցի հնչեղությունը հաշվի առնելով ու այն բազմաթիվ զանգերը, որոնք ստացել ենք սփյուռքից, մենք ուղղակի չէինք կարող անտեսել: Այս տարբերակով մենք ցանկացանք առավել լայն շրջանակներից ստանալ կարծիքներ ու այն ներկայացնել հանրության ուշադրությանը:

Գրառումս եղել է ոչ պաշտոնական, ՀՀ սփյուռքի նախարարության տարածաշրջանային վարչության աշխատակիցները պարբերաբար կատարում են հարցումներ Հայաստանում այս կամ այն հնչեղություն ստացած հարցի վերաբերյալ:

ՀԳ. Թյուրըմբռնումից խուսափելու համար ֆեյսբուքյանս նախկին գրառումս հեռացնում եմ»,-նշել էր նա:

Փոփոխությունը կատարված է 14:24-ին. փոխվել է նյութի վերնագիրը և ավելացվել է նախարարի պաշտոնակատարի երկրորդ գրառումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am