1000х90.jpg (78 KB)

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները

Armenpress 20:06, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Առաջին հարցը եվրոպական ձեռնարկությունների ստեղծման հարցն է: Դրանք հիմնականում  գործունեություն են ծավալում ԵԱՏՄ ամբողջ տարածքում և դրանց մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներ են: «Սա կարևոր է մեզ համար, քանի որ եվրասիական ապրանքանիշի հայեցակարգն ու համատեղ նախագծերի իրականացումը մեզ համար այսօր շատ ակտուալ է»,-նշել է նա:

Անդրադառնալով միության թվային օրակարգի իրականացման մեխանիզմներին՝ Սարգսյանն ասել է, որ ավելի քան 40 նախաձեռնություն է ստացվել Միության թվային գրասենյակում, որոնցից 8-ը իրագործման փուլում են:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի իրավիճակին 2018 թվականին, մակրոտնտեսական իրավիճակին եւ կայուն տնտեսական զարգացման առաջարկներին: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում երեք միջազգային պայմանագրերի ուղղությամբ, որոնցից առաջինը վերաբերվում է  գազափոխադրման համակարգի հասանելիության համատեղ իրավունքին, հաջորդը՝ գազի փոխանակման համատեղ ծրագրի իրականացմանը  և գազի ընդհանուր շուկայում առևտրային ծրագրին:

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում: Հանդիպմանը քննարկվել է կազմակերպության թվային օրակարգը:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am