1000х90.jpg (78 KB)

Աննա Հակոբյանը Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայում քննարկել է մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

Armenpress 19:32, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է  «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն  Անգելիկա Էգերթին:  հանդիպմանը Անգելիկա Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում,  ինչպես նաև պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու և փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շարիտե»-ն Բեռլինի ամենահին հիվանդանոցն է, որը վերակառուցվել է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցներից մեկն է, մանկական ուռուցքաբանության բժշկական ծառայություններ տրամադրող միակ խոշոր կլինիկան: 270,000 քկմ-ի վրա տեղակայված են կլինիկայի 57 առանձին շինությունները,  17 բաժանմունքներով,  որտեղ միաժամանակ կարող են բուժվել 2000 հիվանդ: Բժշկական անձնակազմը կազմում  է 10.400 մասնագետ: Այս կլինիկայում անցկացվում են հետազոտություններ, իրականացվում է հիվանդների բուժում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան: Նոբելյան կրթաթոշակի շահառուների ավելի քան կեսը, բժշկության և հոգեբանության տարբեր ոլորտներում, կլինիկայում են իրականացնում իրենց հետազոտությունները:

2014 թվականից հիվանդանոցում կատարվում են  ռոբոտների կողմից իրականացվող վիրահատություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am