Արդարադատության նախարարն ընդունել է պրոբացիայի ոլորտի նիդերլանդցի փորձագետներին

Armenpress 18:01, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թիխեսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում, և փորձագետների գիտելիքն ու փորձը կարող են իրենց նպաստը բերել համակարգի բարելավման աշխատանքներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am