1000х90.jpg (78 KB)

Շտապօգնության աշխատակիցները բողոքում են ցածր աշխատավարձերից, ծանր աշխատանքից ու սոցփաթեթի բացակայությունից

Armenpress 16:17, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները բողոքում են լարված աշխատանքից, դրա դիմաց տրվող ցածր աշխատավարձից և բժշկական ապահովագրության բացակայությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում  «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վերոնշյալ խնդիրները շտապօգնության բուժանձնակազմի մշտական քննարկման հարցերից են, սակայն դրանց շուրջ խոսակցությունները թեժացան հատկապես առողջապահական առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից և նրանց  սոցփաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորությունից հետո: «Վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում շտապօգնության կանչերի ավելացում է նկատվում: Եթե նախկինում շտապօգնությունն օրական 600-650 կանչ էր սպասարկում, այսօր կանչերի թիվը հասել է  800-850-ի»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ մեկ հերթապահության համար շտապօգնության ծառայության բժիշկը վաստակում է 18 հազար դրամ, բուժքույրը՝ 11 հազար, իսկ վարորդը 10 հազար դրամ: «Բուժանձնակազմի աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2011 թվականին»,-մատնանշեց նա:

«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը հերքեց այն տեղեկատվությունը, թե շտապբուժօգնության աշխատակիցները հերթով աշխատանքից ազատման դիմումներ են գրում: «Միայն մեկ հոգի է ազատման դիմում ներկայացրել, ով մեր շատ լավ աշխատողն է եղել, ուղղակի, քանի որ մեզ մոտ համատեղությամբ է եղել, ծանրաբեռնվածության պատճառով չի հասցնում շարունակել աշխատանքը: Ես ազատման այլ դիմումներ չեմ ստացել»,-հավելեց նա:

Շտապօգնության աշխատակիցների բողոքների հետ կապված Թագուհի Ստեփանյանը դեռ չի հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, սակայն Երևանի քաղաքապետարանը խնդրի մասին տեղեկացված է: «Կարծում եմ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն առաջիկայում»,-ընդգծեց նա:

Երևան քաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am