Պատգամավորը մտադիր է Հայաստանում ակտիվացնել գիտական դիվանագիտությունը

Armenpress 09:46, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կարծիքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականության զարգացման համար կարելի է օգտագործել նաև գիտական ռեսուրսը: Պատգամավորը, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստվում է ակտիվացնել գիտական դիվանագիտությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց օրենսդիրում իր առաջիկա անելիքների մասին:

-Պարոն Գևորգյան, ո՞ր  ոլորտում եք պատրաստվում  օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

-Ներգրավված եմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Դա որոշվել է  մասնագիտական կարողությունների շրջանակից ելնելով: Միջազգային պայմանագրերում փոփոխություններ չեն արվում, և այս իմաստով այստեղ անելիքը լրիվ այլ տիպի գործառույթներ է ենթադրում: Կփորձեմ խորամուխ լինել յուրաքանչյուր նոր նախաձեռնության մեջ, ինքս էլ կփորձեմ գույքագրել եղած օրենքներն ու հստակ, կառուցողական քայլեր իրականացնել: Մասնագիտական աշխատանքս սկսել է հենց արտաքին քաղաքականության դաշտում: Ունեմ որոշակի գիտական փորձ, որոնք վերաբերում են միջազգային հարաբերություններին, մասնավորապես համաշխարհային քաղաքականությանը, Մերձավոր Արևելքին։ Եվ այս իմաստով այստեղ կան առանցքային հարցեր, որոնք պետք է անպայման ակտիվացնենք՝ ի շահ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ցանկացած նոր իշխանություն պիտի գույքագրի և գնահատի նախկինում ունեցած ձեռքբերումները: Եվ այս իմաստով պետք է արձանագրենք,որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներում միանշանակ գրանցվել են նաև լավ ու հաջող ձեռքբերումներ՝ այդ թվում մեր ներգրավվածությունը տարբեր նախաձեռնություններում: Չես կարող 21-րդ դարում ապրել՝ կտրված լինելով աշխարհում տարբեր գործընթացներից:

-Ի՞նչ քայլեր եք նախատեսում արտաքին քաղաքականության ոլորտում:

-Շատ հետաքրքիր մի ձևաչափ կա արևմուտքում դիվանագիտության շրջանակում, որը կոչվում է գիտական ոլորտի դիվանագիտություն: Այսինքն` դու օգտագործում ես քո պետության  ներսում գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է մտավոր կարողություններին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ մենք նաև օգտագործենք Հայաստանում գոյություն ունեցող գիտական հարթակը: Ունենք մի շարք ոլորտներ, որոնցում գրանցել ենք գիտական հաջողություններ:

Եգիպտոսում ունենք հայագիտական կենտրոն: Դա բացառիկ բան է:  Փոքրաթիվ համայնք է մնացել, սակայն Կահիրեի համալսարանում ունենք հայագիտական կենտրոն: Եվ նման ռեսուրսների միջոցով կարելի է շեշտադրումը կատարել այն ոլորտների վրա, որոնք ֆիզիկապես չի հասցնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Այդ կառույցի ծանրաբեռնվածությունը շատ է, և այս առումով խորհրդարանական հարթակը կարելի է օգտագործել: Ցանկացած պետություն իրեն շատ շոյված է զգում, երբ նաև գիտական հարթակում բարձրացնում ես իր պատմության կարևորագույն դրվագների քննարկումը, լուսաբանումը: Լրացուցիչ հարթակ է ստեղծվում, որով արտաքին քաղաքականության մեջ կարելի է կառուցել մեկ այլ առանձին շատ հստակ նպատակներ հետապնդող հենասյուն: Բերեցի շատ փոքր դրվագ արտաքին քաղաքականության զարգացման շրջանակից: Չեմ կարող ասել, թե նախկինում չի եղել նման բան: Սակայն դա եղել է կարճատև և ոչ հետևողական: Իսկ ես առաջարկում եմ, որ լինի ռիթմիկ, հետևողական և անպայման ունենա շարունակական զարգացում:

-Պարոն Գևորգյան, կարևորում եք գիտական դիվանագիտության զարգացումը, դուք ի՞նչ փորձ ունեք գիտության ոլորտում:

 -Ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զորակոչվել եմ բանակ, այնուհետև ընդունվել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի  արևելագիտության ինստիտուտ որպես ասպիրանտ, հետո գործուղվել եմ Մոսկվա գիտահետազոտական աշխատանք իրականացնելու: Հետո պաշտպանել եմ թեկնածուական թեզ, դասախոսել եմ տարբեր բուհերում, ստացել եմ նաև դոցենտի կոչում, կարճ ժամանակ եղել եմ դեկան: Աշխատել եմ նաև ՊԵԿ-ում:

-Գիտական ոլորտում մեծ փորձ ունեք, ի՞նչը Ձեզ բերեց օրենսդիր:

-Վերջին 2 տարում աշխատել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնական: Եվ գործադիրում ունենալով որոշակի փորձ` կարծում եմ, որ օրենսդիրում կկարողանամ այդ փորձն ավելի զարգացնել, դարձնել կառուցողական ի շահ մեր պետության բարեկեցության ապահովմանը: Չափազանց շատ եմ կարևորում նաև կրթության ոլորտը: Հուսով եմ նաև,որ այդ հանձնաժողովում կունենամ որոշակի անելիքներ: Իմ համոզմամբ՝ կրթական համակարգը յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի շրջանակում ամենակարևորներից մեկն է:  Բարեկիրթ պետությունը նաև բարձր կրթական ցենզ ունեցող պետությունն է: Եվ այս առումով շատ անելիք ունենք:

Աննա Գրիգորյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am