Հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում էականը ռիսկերի նվազեցումն է

Armenpress 09:36, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից օրեր անց դեռևս շարունակվում են քննարկումները, թե որքանով են նման ֆորմատով հանդիպումներն արդյունավետ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Շրջանառվում է նաև այն թեզը, թե Դուշանբեի պայմանավորվածությունները օրակարգից դուրս են մղել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը, սակայն, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Ըստ էության, պետք է արձանագրել, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումները, չնայած իրենց ոչ պաշտոնական բնույթին, կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ հանդիպումներն առավելապես ուղղված են երկու երկրների առաջնորդների՝ հակամարտության լուծման վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալուն, դիրքորոշումները հստակեցմանը, կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը և, ի վերջո, առկա ռիսկերի նվազեցմանը:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ քայլ էր Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերի միջև օպերատիվ կապի վերականգնումը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Այդ նպատակին էին ուղղված նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ Ա. Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում և հետաքննության մեխանիզմների ներդրում: Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Ադրբեջանը փաստացիորեն փորձում է խուսանավել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց, ստեղծել արհեստական խոչընդոտներ: Հայկական կողմն առաջնորդվում է ռիսկերի նվազեցման առաջնահերթությամբ և այդ առումով կարևորում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքները: Միևնույն ժամանակ հայկական կողմը միակողմանիորեն  ներդրել է համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս լիովին վերահսկել խախտումները, փաստագրել և անմիջապես տրամադրել համանախագահներին: Նման մեխանիզմի առկայությունը, բնականաբար, բավական կարևոր է այս փուլում, սակայն փոխվստահության մթնոլորտի ապահովման համար ցանկալի է, որ համանման մեխանիզմ ներդրվի միջնորդների կողմից հակամարտության բոլոր կողմերում:

Ինչ վերաբերում է Դուշանբեի պայմանավորվածություններին, ապա այդ հանդիպումից հետո առկա է լարվածության մակարդակի զգալի նվազում, ինչն, իհարկե, բավական կարևոր է, սակայն պետք է նաև փաստել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել առավել երկարաժամկետ կտրվածքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարիներ շարունակ վարած քաղաքականությունն ու ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը: Այս համատեքստում, ըստ էության, պետք է մի կողմից արձանագրել դրական միտումը, մյուս կողմից չթուլացնել զգոնությունը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում ամենաէականը պայմանավորվածությունների կատարումն է, ռիսկերի նվազեցումը և իրական արդյունքների արձանագրումը: Այս հարցում կողմերի իրականացրած քայլերը պետք է լինեն փոխադարձ և համարժեք: Իսկ թե ինչ անուններ կունենան պայմանավորվածությունները, այդքան էլ էական չէ:

 Գրետա Ավետիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am