#CultTalk. Բանակն օրինակ է այլ կառույցների համար. Ռոբերտ Ամիրխանյանը՝ բանակի հիմնի ու հայրենասիրական երգերի մասին

Armenpress 10:44, 28 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ դարի 70-ականներին ստեղծված «Երազի իմ երկիր հայրենի» ստեղծագործությունն ի սկզբանե գրված էր որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Երգն այնքան սիրվեց, որ դարձավ հայոց հաղթական բանակի օրհներգը: Հայոց բանակի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը փաստում է՝ մեր բանակն այն կառույցն է, որն օրինակ է ծառայում մյուս բոլոր ոլորտների համար: «Երազի իմ երկիր հայրենի» երգի հեղինակն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի շրջանակում պատմում է հիմներգի ստեղծման, հայրենասիրական երգերի, նոր գործեր գրելու ու հայապահպանության կարևորության մասին։

«Երազ իմ երկիր հայրենի»

«Երազի իմ երկիր հայրենի» երգը բանակի հիմներգն է, թեպետ շատ տիպիկ, բնորոշ չէ որպես հիմներգ: Հիմներգը պետք է քայլերթ լիներ, իսկ սա ավելի հանդարտ մեղեդի է: Բայց այն հզոր է իր սիրով դեպի հողն ու երկիրը: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է այն բնորոշ մեր բանակին: Կարծում եմ, որովհետև մեր բանակը նախահարձակ բանակ չէ: Այն չի գնում և չի ավերում ուրիշի տունը, որպեսզի օտարին ենթարկի իրեն: Ընդհակառակը՝ մեր բանակը պաշտպանում է մեր տունը: Ահա թե ինչու է այդ երգն ավելի բնորոշ հայոց բանակին:

Ես այդ երգը անցած դարի 72-73 թթ. գրել եմ «Հայրիկ» ֆիլմի համար: Երբ ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանում էր ֆիլմը, ինձ առաջարկեց, որ որևէ երգ ընտրեմ որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Ես նրան ասացի, որ ավելի լավ է փորձեմ նոր բան գրել, եթե չստացվի, մեկ այլ բան կընտրենք:

Երբ քայլում էի դեպի տուն, զգացի, որ ներսումս հնչում է՝ «Երազի իմ երկիր հայրենի»-ի երաժշտությունը: Բառերը հետո ծնվեցին:

Բանակը՝ օրինակելի կառույց

Բանակն ինձ համար այն կառույցն է, որն օրինակ է մյուսների համար: Բանակը հայրենակառույց երևույթ է: Մեր բանակին բնորոշ է յուրատեսակ բարոյախոսությունը, գիտակցությունը և զգոնությունը: Երանի՜ այս օրինակը տեղափոխվեր այլ ոլորտներ:

Անցյալ տարի ինձ զինվորական ընկերներիցս Արթուր Ավագյանն առաջարկեց, որ ապրիլյան հերոսների հիշատակին մի երգ գրեմ: Ես չունեի բանաստեղծական տեքստ: Գրեցի մի երգ, որով շատ պարծենում եմ: Կոչել եմ «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Խոսքերը և երաժշտությունը ես եմ հեղինակել: Ես այդ երգով շնորհավորում եմ ցանկացած զինվորի՝ այս տոնի կապակցությամբ: Բայց ես ոչ թե իրենց եմ ուզում շնորհավորել, այլ մեզ, որ մենք ունենք մի օղակ, որով կարող ենք իրոք հպարտանալ:

Ես ունեմ բազում հայրենասիրական երգեր, օրինակ՝ «Թուրն Անդրանիկի», «Երդվում եմ քեզ, իմ երկիր»: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր երդումը պետք է տա իր երկրին, առ այն, որ  ինքը պատրաստ է ինքնազոհման հանուն իր երկրի:

Մեծամասշտաբ հայենասիարական նոր գործ

Անպայման առաջիկայում կունենամ նոր գործ: Հայրենասիրությունն ամենամեծ սիրո աղբյուրն է: Այն երբեք չի վերջանում: Նրա պաշարները փոխանցվում են քեզնից ուրիշներին: Անպայման այս թեմայով նոր ու մեծամասշտաբ գործ կունենամ…

Երբ ծնվում են  նոր գործեր …

Բոլոր տոների ժամանակ մշտապես նստած եմ եղել դաշնամուրի մոտ: Այս ամսվա ընթացքում վերջացրի երկու նոր ստեղծագործություն, որոնք գրվել են գերմաներեն տեքստի հիման վրա: Ես լեզվին բացարձակ չեմ տիրապետում: Գերմանացի բանաստեղծ Վիլյամ Բուշի գիրքն է ձեռքս ընկել. նա կատակային գործեր է ստեղծել երկու չարաճճի տղաների մասին: Այդ բանաստեղծությունների հիման վրա՝ նախազգալով լեզվի առանձնահատկությունները, ես արդեն նոր երկու ստեղծագործություն եմ հեղինակել:

Երկու տարի առաջ պատահաբար Հայաստանում Առողջապահական միջազգային կազմակերպության անդամների հետ հանդիպման էի, նրանց առաջարկեցի, որ իրենց երկրներ վերադառնալուց հետո ինձ ուղարկեն իրենց երկրների լավագույն բանաստեղծությունները: Ստացա Կանադայից, Իտալիայից, Ֆինլադիայից, Շվեդիայից, Գերմանիայից և այլ երկրներից բանաստեղծություններ, որոնց հիման վրա նոր գործեր ծնվեցին: Պատրաստվում եմ համերգային կատարմամբ ներկայացնել այդ գործերը:

Ըստ իս՝ երաժշտությունն ապրում է բանաստեղծության լռության մեջ: Ցանկացած բանաստեղծություն իր մեջ ունի թացքրած երաժշտական հնչյուններ: Եթե ուզում ես բանաստեղծության հիման վրա ինչ-որ բան գրել, քեզ պետք չէ որևէ բան հորինել: Պետք է պարզապես կարդալ բանաստեղծությունը:

Հայապահպանության օրհասական խնդիրը

Մեզանում շեղումները դեպի օտար մշակույթներ շատ են: Ես տեսնում եմ, թե փոքր երեխաներին ինչպես են «կերակրում» այլախոհ երաժշտությամբ, ինչպես են Նոր տարվա հեռուստատեսային ծրագրերի մեջ շարժումներ բեմադրում, որոնք չի կարելի անգամ ցուցադրել:  

Մենք հայապահպանության խնդիր չենք դնում, չափից դուրս անհոգ ենք ապրում, իսկ չափից դուրս անհոգ լինելը վտանգ է ենթադրում: Եվ դա սխալ է...

Ուղղակի մտքեր

Ազատություն չսիրելու մասին

Ես ազատություն չեմ սիրում: Ազատությունը մարդուն տրված է, որ մարդն ինքն իրեն սահմանափակի: Երբ ինձ սահմանափակում է մեկուրիշը, արդեն այլ բան է՝ բռնություն:

Ռացիոնալ լռությունը

Համոզված եմ, որ լռությունն այնքան խոսուն բան է, ինչքան խոսքը: Երբեմն նույնիսկ ավելի հզոր բան է, որովհետև ռացիոնալ է:

Ճանապարհ՝ դեպի մեկ ուրիշ մարդ

Կյանքը ճանապարհ է դեպի մեկուրիշ մարդ: Եվ եթե մեկուրիշն այդ ճանապարհին պատրաստ է զետեղել զգացմունք, ժպիտ և այլն, կյանքի այդ հատվածում սկսում ես ապրել:

Ոչ մի այլընտրանք

Եթե ոչ երաժշտություն, ապա նորից երաժշտություն, այլընտրանք չկա: Իմ ուսանողական տարիներին կենցաղս շատ պարզ է եղել՝ արթնացել եմ ու նվագել, նվագել: Ես շատ ուրախ եմ, որ հիմա ևս ոչինչ չի փոխվել:

Հիացումի զգացում

Կյանքում ամեն ինչ արժեքավոր է՝ սկսած պարզագույն ստեղծագործությունից, օրինակ, 5-6 տարեկան երեխայի նկարչությունն, ըստ իս, արժեքավոր է, որովհետև երեխան նկարում է այն աշխարհը, որն իր մեջ հիացումի զգացումն է առաջացնում: Որևէ լիարժեք երևույթ, որը կենսունակ է, անպայման ծնված է հիացումի զգացումից:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am