Տիգրան Խաչատրյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։
Նախարարը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։ Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է և տնտեսական գործունեության այնպիսի տեսակն է, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջև», - ասել է նախարարը՝ հավելելով, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը:
Քննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման մեխանիզմներ մշակելու և կիրարկելու ուղղությամբ։