«Աղետների նախապատրաստման ծրագրի» միջոցով Հայաստանը նախատեսվում է դարձնել աղետակայուն երկիր

Armenpress 14:31, 25 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միությունը 8 տարի շարունակ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր է իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն անցկացվում է Եվրոպական Միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինության (DG ECHO) ԴԻՊԵԿՈ ծրագրի շրջանակներում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շատ բարձր գնահատեց արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողված այս ծրագիրը:

ԴԻՊԵԿՈ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատաքները լիովին համընկնում են մեր ռազմավարական նպատակներին: Համագործակցության ողջ ընթացքում մեր ներուժն ամբողջությամբ ուղղված է եղել ծրագրի արդյունավետ իրականացմանը: «Աղետների նախապատրաստման ծրագրի» միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել աղետակայուն երկիր»,- նշեց Հարությունյանը:

ԴԻՊԵԿՈ ծրագրի շրջանակում աղետների ռիսկի նվազեցման ծրագրերը Հայաստանում և Վրաստանում իրականացվել են հինգ փուլով` 2010-2018 թթ., նպատակ ունենալով հզորացնել՝ ազգային աղետների ռիսկի կառավարման համակարգը, համայնքների դիմակայունությունը և երեխաների անվտանգությունը կրթական հաստատություններում։

«Այս տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղված են եղել աղետների ռիսկերի նվազեցմանը, վտանգների կանխմանն ու կանխարգելմանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը: Մշակվել են համայնքներում հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկերի կառավարման օրինակների նախագծեր»,- շեշտեց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ «Հայաստանը Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի և Կիոտոյի արձանագրության տարածման գործում առաջամարտիկ պետություններից է:

«Եվրոպական Միությունը տարածաշրջանում, և, մասնավորապես, Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերի համոզված մասնակիցն է»,- ասաց Սվիտալսկին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչ Ռուսուդան Կախիշվիլին իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց միջպետական համագործակցությանը՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում:

«Մեր երկրներին՝ Վրաստանին ու Հայաստանին, իրենց աշխարհագրական տեղակայվածության պատճառով սպառնում են լայնածավալ աղետներ, չափազանց կարևոր է զարգացնել մեր միջպետական սերտ համագործակցությունը աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում՝ աղետների հանդեպ դիմակայուն տարածաշրջան կառուցելու նպատակով»,- նշեց Կախիշվիլին։ 

Միջոցառման երկրորդ հատվածում ծրագրի իրականացնող կազմակերպությունները՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը և իրենց վրաստանյան գործընկերները ներկայացրին վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանում և Վրաստանում ԴԻՊԵԿՈ ծրագրի շրջանակներում իրենց ձեռքբերումներն ու նվաճումներն աղետների ռիսկերի նվազեցման և Հայաստանում դիմակայունության մշակույթ սկզբնավորելու գործում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am