#ԿինոՇաբթի. «Կանաչ գիրք»-ը և ևս 4 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունվարի 24-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմ:

«Կանաչ գիրք»

«Կանաչ գիրքը» ֆիլմը ներկայացնում է ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու պահապանի՝ Թոնի Լիպի՝ 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում կատարած ճանապարհորդության իրական պատմությունը: Այդ ճամփորդությունն ամբողջությամբ կփոխի երկուսի կյանքը: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գրքից», որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը:

Ռեժիսոր՝Փիթեր Ֆարելի, դերերում՝ Վիգգո Մորտենսեն, Մահերշալա Ալի, Լինդա Կարդելինի և այլք:

«Գայթակղության ծովը»

Կարիբյան կիզիչ արևը, հավատարիմ նավը և վտանգներով լի կյանքը նրա տարերքն է: Նրա միակ սիրած կինը ամուսնացել է միլիարդատիրոջ հետ և ապրում է Մայամիի առանձնատանը: Կինն անսպասելի նորից հայտնվում է նրա կյանքում և աղերսում պաշտպանել իրեն: Այդ պահից ծանոթ ջրերը գայթակղության ծով են դառնում ...

Ռեժիսոր՝ Սթիվեն Նայթ, դերերում՝ Դայան Լեյն, Մեթյու Մաքքոնահի, Էն Հեթուեյ և այլք:

«Վերադարձի կետ»

Զրահապատ մեքենայի վրա հարձակում գործած խմբի միակ կենդանի մնացած գող անդամը, դուրս գալով բանտից, ստանում է փորձարարական դեղամիջոց: Նա միակ մարդն է, ով գիտի, թե որտեղ են թաքնված գողացված գումարները: Սակայն կորցրել է հիշողությունը: Եվ փորձարարական դեղամիջոցի շնորհիվ ոստիկանը կփորձի պարզել ճշմարտությունը…

Ռեժիսոր՝ Բրայան Ա. Միլլեր, դերերում՝ Սիլվեսթր Ստալոնե, Մեդոու Ուիլիամս, Մեթյու Մոդայն և այլք:

«Հոլմս և Վաթսոն»

Պատմությունը Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր դոկտոր Վաթսոնի մասին է: Էքսցենտրիկ զույգը ձեռնարկում է խճճված հետաքննություն և այդ ճանապարհին ձեռք է բերում բազում թշնամիներ:

Ռեժիսոր՝ Իտան Քոեն, դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Ջոն Սի Ռայլի, Քելլի Մաքդոնալդ և այլք:

«Աստրալ։ Նոր աշխարհ»

Երբ Ալեքսը դեռ երեխա էր, նրա մայրը, դուրս գալով հոգեբուժարանից, ինքնասպանություն է գործում: Դառնալով ուսանող՝ Ալեքսը սկսում է ուսումնասիրել աստրալային մարմինը և փորձում է ինչ-որ կերպ կապ հաստատել մահացած մոր հետ…

Ռեժիսոր՝ Քրիս Մուլ,  դերերում՝ Ֆրենկ Դիլեյն, Քաթրին Ստեդմեն, Վանեսա Գրաս և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am