Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը

Armenpress 16:21, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի Խորհրդի նիստում հունվարի 24-ին ձևավորվել է  Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակության կազմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»,- գրել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am