ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 14:39, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի  նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունվարի 22-ին ընդունել է  Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Միհայիլ Բերեգոյի (Mihail Beregoi) գլխավորած պատվիրակությանը, որն այցելել էր Հայաստան՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի հրավերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանը և ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ միգրացիոն ոլորտում Մոլդովա-ԵՄ համագործակցության, այդ թվում՝ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում մոլդովական կողմի կուտակած փորձառությանը, գործընթացի տարբեր փուլերում առաջ եկած հնարավոր խնդիրներին և դրանց լուծման գործնական եղանակներին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել  մոլդովական կողմի փորձը Հայաստանին ներկայացնելու պատրաստակամության համար՝ կարևորելով ԵՄ հետ պատեհ ժամկետներում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկը, որն ամրագրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015թ.), Բրյուսելի (2017թ.) գագաթաժողովներում ընդունված Համատեղ հռչակագրերում, «Գործընկերության առաջնայնություններ» և Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 արդյունք մինչև 2020թ.» փաստաթղթերում և հանդիսանում է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևորագույն կետերից մեկը։ Արտակ Ապիտոնյանն ուշադրություն է հրավիրել նաև վերոնշյալ երկխոսության մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։

Հանդիպման ավարտին որոշվել է  նման ձևաչափով հանդիպումներին հաղորդել շարունակական բնույթ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am