1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

Armenpress 14:38, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության,  արդարադատության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am