ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկխոսության կոչ Է արել Վենեսուելայում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկխոսության կոչ Է արել Վենեսուելայի քաղաքական ուժերին՝ երկրում աղետից խուսափելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Agence France-Presse գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ երկխոսությունը հնարավոր Է: Դա անհրաժեշտ Է հակամարտության տանող Էսկալացիայից խուսափելու համար, որը աղետ կդառնա երկրի ու տարածաշրջանի բնակչության համար»,- գործակալությունը մեջբերել Է գլխավոր քարտուղարի խոսքը, որը նա ասել Է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:
Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: