«Դեղին բաճկոնավորները» ցուցակ են կազմել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար. France Info

Armenpress 12:24, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնավորների» ֆրանսիական շարժումը թեկնածուների իր ցուցակն Է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info ռադիոկայանը:

Նրա տեղեկությունների համաձայն, ցուցակն ստացել Է «Քաղաքացիական նախաձեռնության միավորում» անվանումը: Այն գլխավորել Է 31-ամյա մի բուժքույր՝ նորմանդական Էր դեպարտամենտից: Առայժմ հայտարարված են ցուցակի միայն տասը թեկնածուներ, որն ի վերջո ներառելու Է 79 մարդ: Առաջին տասնյակում տեղ են գտել ձեռնարկատեր, իրավաբան, տնային տնտեսուհի, ավտոբեռնիչի վարորդ եւ 29-ից մինչեւ 53 տարեկան այլ հավակնորդներ:

«Դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ Է առել նոյեմբերի կեսին՝ ի նշան գների ու հարկերի աճի դեմ բողոքի: Հետագայում ցուցարարների պահանջներն ուղղվեցին պետական իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկիրն անարդյունավետ կառավարելու եւ աղքատության դեմ պայքարում բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:

Երկրում արդեն անցկացվել են բողոքի տասը համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի դեմ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպտմամբ: Հունվարի 19-ին տեղի ունեցած վերջին ակցիայի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը բերման Է ենթարկել գրեթե 300 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am