«Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ. առողջապահության նախարարության հայտարարությունը

Armenpress 11:55, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն  է տարածել, որով տեղեկացնում է, որ «Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը. 

«Օրեր առաջ sisian.info կայքը տարածել էր տեղեկատվություն «ԷՍԿՈԶԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերնագրով: Ըստ տեղեկատվության, «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը, որ գործում է Սիսիան քաղաքում, որպես «հակաքաղցկեղային» միջոց «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին:

Արձագանքելով հրապարակմանը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ, հունվարի 23-ին  «Էսկոզին» արտադրանքը, որը չի հանդիսանում հակաքաղցկեղային դեղ, Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար: Խմբաքանակն այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:

Տեղեկացնում ենք, որ  «Էսկոզին» (Escozine) արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելում է: Գրանցման մասին տեղեկությունն առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների ընդհանուր ռեեստրում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am