Սուդանը համաձայնել է ընդունել Ռուսաստանի ու Թուրքիայի օգնությունը

Armenpress 21:55, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանը երկրում առկա քաղաքական ու տնտեսական իրադրության պայմաններում ընդունել է Ռուսաստանից ու Թուրքիայից օգնություն ստանալու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սուդանի նավթի, գազի և օգտակար հանածոների նախարար Ազխարի Աբդել Քադիր Աբդալան:

Նա հայտնել է, որ երկիրն արդեն օգնություն է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններից: «Ռուսաստանն ու Թուրքիան մեզ օգնություն են առաջարկել, այդ թվում և վառելիք, ցորեն և այլն: Մենք այդ օգնությունն ընդունել ենք»,- հայտնել է նա:

Սուդանում զանվածային հուզումներ էին սկսել դեկտեմբերի կեսերին, մի քանի օրվա ընթացքում դրանք տարածվել էին երկրի 30 քաղաքում, այդ թվում և մայրաքաղաք Խարթումում: Դժգոհության հիմնական պատճառը բնակչության դժգոհությունը վառելիքի, հացի ու ալյուրի գների աճն էր, ինչպես նաև հիմնական մթերքների դեֆիցիտը:

Համաձայն երկրի իրավապահ մարմինների տեղեկությունների՝ երկրում սկսված անկարգությունների մեկնարկից ի վեր ոստիկանության հետ բախումներում մահացել է 24 մարդ: Ձերբակալվել է ցույցերին մասնակցող ավելի քան հազար սուդանցի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am