Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին

Armenpress 19:42, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված աշխատավարձերի առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը յուրացնելու, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` մանկապարտեզում որպես երաժշտության դաստիարակչուհի աշխատող անձից` աշխատատեղը պահպանելու պայմանով, ամսական առձեռն աշխատավարձի մի մասը ստանալու արդյունքում վերջինիս 795.000 ՀՀ դրամի էական գույքային վնաս պատճառելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ավելի վաղ հայտնել էինք, որ, քննության տվյալներով, մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից  զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից: Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։ Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ: Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։ 2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում, մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը: 2019 թվականի հունվարի 23-ին «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենի փաստաբանի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին 20.000.000 ՀՀ դրամի մուտքագրման վերաբերյալ անդորրագիր։ Հաշվի առնելով, որ մանկապարտեզի տնօրենը նախկինում դատապարտված չի եղել, չի խուսափել քննությունից, ընդունել է առաջադրված մեղադրանքն ու զղջացել, միաժամանակ կատարել է պատճառված վնասի փոխհատուցում, հաշվի առնելով նաև նրա ներկայիս առողջական վիճակը՝ նա ազատվել է արգելանքից և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am