1000х90.jpg (78 KB)

Փաշինյանը Դավոսում խոսել է ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին

Armenpress 19:08, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցելով «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձավ ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը, մասնավորապես, նշեց.

 «Իրականում մենք մեր հեղափոխությունն իրականացրեցինք սոցիալական մեդիայի միջոցով, որովհետև մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ իմ ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակումներ ունենալ: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ-անաչառ ընտրությունների կապին` պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում. սա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր: Այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն, իհարկե այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, անկասկած, ազդում է ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի իրողությունների վրա։ Ես անկեղծ կլինեմ. չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի կլինի»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am