1000х90.jpg (78 KB)

Կայացել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրներին նվիրված հերթական քննարկումը

Armenpress 15:51, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախորդ հանդիպման արդյունքում փաստաթղթային ընթացակարգերի  պարզեցմանն ուղղված գործողությունների առնչությամբ. մասնավորապես, կրճատվել է ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետը (նախկինում 3 օրվա փոխարեն` 1 օր):

Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր․ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում և այլն։ Հանդիպման ընթացքում անդադարձ է եղել նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ՏԶՆՆ-ի կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Նախարարը ներկաների հետ քննարկել է նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական հանդիպումներ կազմակերպել առանձին խմբերով՝ ըստ հետաքրքրությունների շրջանակի և առաջացած խնդիրների՝ դրանց հետևողական կարգավորման նպատակով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am