Հայաստանի հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույն արդյունքները ցուցաբերել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

Armenpress 12:45, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գլխավոր դատախազությունը՝ 2017-2018թթ. ժամանակահատվածի համար:

Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն): Ըստ անկախության ցուցիչի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0.87 միավոր և վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր: Այս բարձր ցուցանիշը համադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am