1000х90.jpg (78 KB)

Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը

Armenpress 11:47, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 1-ին  կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կկայանա Սեուլի (Հարավային Կորեա) արվեստների կենտրոնի համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի, Պյոտր Չայկովսկու, Կեյկո Աբեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Կյու Յեոն Կիմը, մարիմբայահար Մուն Կյանգ Հանը։

Սա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ Դիրիժորը և կոլեկտիվը համատեղ հանդես են եկել 2015թ. հունվարին, փետրվարին և նույն թվականի հոկտեմբերին՝ Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։ Ի դեպ, Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի վերջին համերգը կայացել է դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլում»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am