ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների ցանցի հանդեպ

Armenpress 11:02, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է  վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց) ընկերության հանդեպ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին: Ըստ դիմումատուի, բջջային հեռախոսների խանութ-սրահի կողմից հեռարձակվում է գովազդ, որտեղ նշվում է, որ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ գնելու դեպքում ևս մեկ հեռախոս տրվում է նվեր: Գովազդի վերջում հատուկ ընդգծվում է. «Շնորհավորում եմ, զույգ հեռախոսներ ունեցանք» արտահայտությունը, և  քանի որ որպես նվեր տրվող երկրորդ հեռախոսի մոդելը գովազդում նշված չէ, ապա սպառողները զույգ հեռախոսներ արտահայտությունը վերագրում են միանման հեռախոսներին, որոնցից մեկը տրվում է բացարձակապես անվճար՝ որպես նվեր: Սակայն, դիմելով խանութ-սրահ, քաղաքացիները տեղեկացել են, որ սմարթֆոն գնելու դեպքում որպես նվեր ստանում են ոչ թե նույն հեռախոսի զույգը, ինչպես ասվում է գովազդում, այլ իրենց բնորոշմամբ՝ 10-20 հազար դրամանոց հեռախոս : Դիմումատուները նշում են, ակնհայտ մոլորեցնող գովազդի առկայության հանգամանքը: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում կուսումնասիրվի խնդիրը և այդ մասին կտեղկացվի հանրությանը:

Հանձնաժողովը կարևորում է գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին առնչվող խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն վնասում են սպառողների շահերին, այլ նաև որոշակիորեն խոչընդոտում են նույն ոլորտում գործող տնտեսվարողների գործունեությանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am