ՀՀ միգրացիոն ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված Գրիգորյանների ընտանիքին կարող է ցուցաբերել առավելագույն աջակցություն

Armenpress 17:53, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունից իրենց հարցում է ուղարկվել՝ պարզելու` արդյոք Գրիգորյանները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ: Հարցմանը տրվել է դրական պատասխան: «Մենք հաստատել ենք, որ այդ ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ  են, ու ըստ ռեադմիսիոն համաձայնագրի` նիդեռլանդական կողմը պարտավորվում է փաստացի արտաքսումից առաջ մեզ ծանուցել, որը նույնպես իրականացվել է»,- ասաց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` միգրացիոն  ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այդ ընտանիքը տեղեկանա վերաինտեգրման ծրագրի մասին, որում մի շարք փաթեթներ են ներառված:

«Եթե մեզ դիմեն, առավելագույնը փորձելու ենք աջակցել բնակարանի վարձի հատուցման, բիզնեսի հիմնման որոշակի աջակցության, բուժզննման հարցում  և այլն»,- նշեց Դավթյանը:

Ըստ Nltimes լրատվական կայքի` Գրիգորյանների ընտանիքը մինչև վերջ պայքարել է արտաքսումից խուսափելու համար:

Չնայած, որ հայ ընտանիքի արտաքսման հարցը Նիդեռլադներում դարձել էր հասարակության լայն շերտերի քննարկման առարկա, որի վերաբերյալ նույնիսկ քաղաքական տարբեր կուսակցություններ իրենց դիրքորոշումն էին հայտնել, ընտանիքը Նիդեռլանդներում պահելու նպատակով արտակարգ գործընթացները չեղարկվել էին և նրանք արտաքսվել Հայաստան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am