Ադրբեջանին թշնամի է պետք, որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից. Լապշին

Armenpress 15:47, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին թշնամի է պետք, որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական սոցիալ-քաղաքական խնդիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը:

«Ի սկզբանե ինձ հետ կապված ողջ պատմությունը հորինվել էր ներքին օգտագործման համար, ժողովրդի՝ ավելի ոչ գրագետ հատվածի համար: Իրենց թշնամու կերպար է պետք, որպեսզի Ադրբեջանի ժողովրդին շեղեն իրական սոցիալ-քաղաքական խնդիրներից: Ես այդ պատճառներից մեկն եմ: Եթե Լապշինը չլիներ, անհրաժեշտ կլիներ Լապշինին հնարել: Եվ հիմա նրանք անընդհատ գրում ու պատմում են, թե ինչպիսի վատն ու սարսափելին եմ ես»,- ասաց Լապշինը:

Բլոգերի խոսքով` Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ, նրան սառեցված հակամարտությունն է պետք:

«Իրենց ամենակարևոր թշնամին Հայաստանն է, և ոչ այնքան նրանց Ղարաբաղն է պետք, Ղարաբաղը նրանց պետք էլ չէ իմ կարծիքով, որքան պետք է սառեցված հակամարտություն, և հնարավորություն բացատրելու երկրում տիրող կոռուպցիան ու ամենաթողությունը նրանով, որ ամեն ինչի մեղավորը Հայաստանն է»,- ասաց բլոգերը:

Ալեքսանդր Լապշինը նշեց, որ Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը հիմնված է այսպիսի հորինված բաների վրա:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել՝ իբր «առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով»:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am