Արագածոտնի մարզի Կայք գյուղի բնակիչը տուժել է վառարանին միացված գազի բալոնների պայթյունից

Armenpress 21:57, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 21-ին, ժամը 15:45-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և նկուղային հարկի դուռը: Տան բնակիչը՝ Զ. Հ.-ն (ծնված 1958 թ.), ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները նկուղից դուրս են բերել գազի բալոնները և կատարել հովացման աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am