Երևանի քաղաքապետի խոսքով՝ 2019-ին վերանայվելու է քաղաքապետարանում պարգևատրումների գործընթացը

Armenpress 20:21, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն չի պարգևատրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դա իմ որոշումն է: Ես պարգևատրումներ չեմ ստանալու: Քաղաքապետի պաշտոնում աշխատելը շատ սկզբունքային հարց է, կապված չէ գումարների հետ: Պարգևատրումների ցանկը հրապարակելու հետ կապված մենք խնդիր չունենք, այդտեղ ոչ մի գաղտնիք չկա, պարզապես ես ցանկացա Արդարադատության նախարարության կողմնորոշումն այս հարցում: Եթե առանձին-առանձին պետք է հրապարակենք, թե ով որքան պարգևավճար է ստացել, ապա, կարծում եմ, որ այստեղ անձնական տվյալների խնդիր կա: Դրա համար էլ դիմել ենք Արդարադատության նախարարությանն ու սպասում ենք պատասխանին»,-ասաց Հայկ Մարությանը: Նա ավելացրեց, որ այդ պարգևատրումներն արդեն նախատեսված են եղել 2018 թվականի բյուջեով: Քաղաքապետն ընդգծեց, որ ինչպես նախատեսված է եղել, այնպես էլ բաշխել են:

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին վերանայվելու է պարգևատրումների գործընթացը, գնահատվելու են, թե արդյոք աշխատակիցները որքանով են իրենց աշխատանքով օգուտ տալիս համայնքին:

Մամուլում, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է մարզպետների, համայնքների ղեկավարների կողմից աշխատակիցներին պարգևավճարներ տալու մասին հարցը: Կան տեղեկություններ, որ որոշ մարզպետներ իրենք իրենց են պարգևատրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am