Կեղծ տեղեկատվության մեծ ծավալի շրջանառում. մեդիափորձագետը ներկայացրել է սոցցանցերի վերջին շրջանի միտումները


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետներն արձանագրում են, որ վերջին շրջանում Հայաստանի սոցիալական ցանցերում, մեդիա դաշտում ուշադրությունը կենտրոնացած է ներքին ոչ այնքան կարևոր  հարցերի վրա: Արդյունքում, հասարակության, որոշ դեպքերում փորձագիտական դաշտի աչքից վրիպում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կարևոր հարցեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս թեմայով խոսեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, սոցիալական ցանցերում վերջին շրջանում ի՞նչ միտումներ են նկատվում:

-Շատ թեժացել է ներքին քաղաքական պայքարը և մեծ քանակի մանիպուլյատիվ, քարոզչական, կեղծ բնույթի տեղեկատվություն է դրվում շրջանառության մեջ: Մինչ այդ էլ կային նման երևույթներ, սակայն հիմա դա մեծ մասշտաբի է և ակնառու: Հետևանքները շատ են, սկսած նրանից, որ մթնոլորտն է ծանր: Դրանից բացի, ընդհանուր հանրության վստահությունը լրատվության հանդեպ է ընկնում, ինչը վնասում է նորմալ պրոֆեսիոնալ լրագրողների գործին: Մեկ այլ խնդիր ևս կա. տեղեկատվությունն այնքան շատ է ու այնքան իրարամերժ, որ հասարակությունը շատ դեպքերում կորցնում է ունակությունը ստուգելու, և բնականաբար հետևանքները կարող են լինել շատ բազմակողմանի:

-Վեջերս տարբեր բնույթի կեղծ տեղեկություններ շրջանառվեցին, որոնք հետո հերքվեցին, մասնավորապես, որ Հայաստանում ուժգին երկրաշարժ է սպասվում կամ դոլարն է թանկանում, դրանից բացի եղավ տեղեկատվությունը դպրոցներում արձակուրդները երկարացնելու մասին: Այսպիսի կեղծ լուրերը շրջանառության մեջ դնելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Դժվար է հստակ ասել, թե նպատակը որն է, որովհետև շատ դեպքերում նման տեղեկատվություն տարածող աղբյուրի մասին չգիտենք: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ նպատակներին, ապա կարող են տարբեր լինել՝ սկսած տագնապի մթնոլորտ ստեղծելուց, վերջացրած որևէ մեկի հիմարությունը տարածելով: Կարծում եմ, երկու դեպքերն էլ առկա են:

-Այն, որ վերջին շրջանում հասարակությունը կենտրոնացած է ավելի շատ ներքին հարցերի վրա, դա արդյո՞ք պատճառ չի դառնում, որ ուշադրությունից վրիպեն կարևոր արտաքին հարցերը:

-  Ես ասեմ, որ սոցիալական ցանցերի քննարկումներոմ հանրության ուշադրությունից կարող են վրիպել նաև ներքին կարևոր հարցերը, որովհետև ներքին ուշադրություն ասվածը հարաբերական է: Շատ դեպքերում հանրության ուշադրությունն անիմաստ, աննպատակ բաների վրա է սևեռված, որոնք անընդհատ փոխվում են: Այնպես, որ և՛ ներքին, և՛ արտաքին թեմաները անտեսվում են, դա ակնհայտ է: Ի դեպ, դա ոչ միայն հասարակության կողմից, այլ փորձագիտական համայնքն ընկած անիմաստ բաներով է զբաղված:

Ի դեպ, միտում է նկատվում, որ կեղծ, մանիպուլյատիվ նյութերին տարբեր պետական պաշտոնյաններն են սկսել «Ֆեյսբուք»-ում արձագանքել, հերքել, պատասխանել: Սա խոսում է այն մասին, որ չկա հստակ տեղեկատվական քաղաքականություն: Շատ դեպքերում մամուլի խոսնակների ինստիտուտը լավ չի աշխատում: Պետք է լինի ընդհանուր տեղեկատվական քաղաքականություն, որը կկանոնակարգի այդ ամենը, ինչպես նաև ուժեղացվի մամուլի խոսնակների, գերատեսչությունների տեղեկատվական բաժինների ինստիտուտը:  

-Նշեցիք, որ մանիպուլյատիվ նյութերը շատ են, հասարակությունն ապակողմնորոշվում է: Այստեղ լրատվական դաշտը, մեդիան ի՞նչ անելիք ունի:

-Մեդիայի առաջին անելիքն այն պետք է լինի, որ ավելի սերտ աշխատի հանրության հետ, չլինի միակողմանի հեռարձակող: Այսինքն՝ մեդիան և հանրությունը պետք է առողջ կապեր ձևավորեն, ինչը թույլ կտա առկա ապատեղեկատվության քանակը քչացնել: Դա կարևոր է, բայց ես ասեմ, որ մեդիայի կողմից այդ ուղղությամբ աշխատանք տանելու միտում չեմ տեսնում:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպես դուք տեղեկացրել էիք, ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ: Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի ակտիվությունը:

-Կոնկրետ այս դեպքը Բաքվի ջարդերի տարելիցի հետ է կապված, բայց, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից տեղեկատվական դաշտում ակտիվություն է նկատվում: Ի դեպ, դա նկատվում է տարբեր ուղղություններով՝ սոցիալական ցանցեր, աշխատանք տարբեր երկրների լրատվամիջոցների, լրագրողների հետ: Դեսպանատներն են ակտիվացել:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am