Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Armenpress 11:15, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22- 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:

Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am