Ստեփանծմինդա-Լարս  և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները բաց են մարդատար ավտոմեքենաների համար

Armenpress 17:28, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում, հունվարի 20-ի ժամը 17:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված  267 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացվում է Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2018 թ. հունիսի 30-ից առ հունվարի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am