Հայաստանում բնակվող ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդները նշեցին Սուրբ Մկրտությունը

Armenpress 11:26, 19 Հունվար, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանում բնակվող ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդները հունվարի 18-ի երեկոյան նշեցին Սուրբ Մկրտությունը: Արդեն 10-րդ անգամ է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորներն ու սպաներ, դիվանագիտական կորպուսի և ռուսական համայնքի ներկայացուցիչները նշում են եկեղեցու կարևոր տոներից մեկը հայրենիքից հեռու՝ Գյումրիում: Հավատացյալները հատուկ ավազաններ կարող են մտնել միայն ջրօրհնեքի կարգից հետո. ջուրը միայն օրհնելուց հետո է սրբանում, որից հետո աղոթքով պետք է մտնել` 3 անգամ ընկղմվելով՝ «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» խաչակնքվելով:

Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Հայր Սերգեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում, հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց ու կարգը կատարելուց հետո, բոլոր ցանկացողներին ավազանը մտնելու հնարավորություն տրվեց: Մկրտությանը մասնակցելու համար շատերը եկել էին ընտանիքներով: 102-րդ ռազմաբազայի սպա Սերգեյ Չերդանցևը «Արմենպրես»-ին փաստեց՝ երկար տարիներ Հայաստանում է ծառայությունն անցնում և վերջին տարիներին բաց չի թողնում ոչ մի հնարավորություն Սուրբ Մկրտությանը մասնակցելու: «Ընտանիքով եմ եկել: Այսօր նույնիսկ փոքրիկ որդուս՝ 1 տարեկան 2 ամսական Պլատոնին ենք բերել: ճիշտ է, իրեն դեռ վաղ է Մկրտության ավազանը մտնել, բայց, երբ մեծանա , անպայման խորհուրդ կտամ: Ես ամեն տարի եմ ջուրը մտնում, իսկ երբ ջուրն ես մտնում հավատով, նույնիսկ այսպիսի ցուրտ եղանակին չես մրսում»,-նշեց Սերգեյ Չերդանցևը: Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, և Աստված սրբագործեց ջուրը։ Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտման հիշողությանը, ռուս ուղղափառ եկեղեցիներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին: Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծու հայտնությանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am