Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է

Armenpress 18:20, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հիվանդանոցներում, հունվարի 18-ի դրությամբ, հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776 այց, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վերջին օրերին դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները:

«Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 18-ի դրությամբ՝ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է  նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am