Միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող դիտվել որպես ՀՀ-ում Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում. Դատախազություն

Armenpress 16:39, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սամվել Մայրապետյանի գործով կայացրած որոշման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը. 

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր  «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:

Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների ոչ բավարար տեղեկացված լինելու իրողությունից օգտվելով հանրային թյուրընկալումներ ձևավորելու նման գործելակերպը՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պազաբանել, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տևական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և   որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում: 

Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում  է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում:

Եվրոպական դատարանի կողմից ներկայացված դիտարկումները և, ընդհանուր առմամբ, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը ինչպես նախքան միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են  ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ»: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am