Իրավապաշտպանը 1990թ-ի Բաքվի ջարդերի վերաբերյալ Հայաստանի կողմից փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 16:32, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը ցեղասպանություն է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ այդ ժամանակ մարդիկ խոշտանգումների  էին ենթարկվում միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով:

«Մոտ 500 մարդ սպանվել է, իսկ մնացածների մասին մենք չենք ասում, թե ինչերի են ենթարկվել։ Կա ՄԱԿ-ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիա, որը կոչվում է՝ Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին կոնվենցիա: Այնտեղ հինգ կետով նշվում է, թե ինչ հանցագործությունների համար կարող են կանչվել պատասխանատվության»,- շեշտեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը նախաձեռնի, աշխատանքներ իրականացնի և փաստաթուղթ ընդունի, որպեսզի այդ իրադարձությունները ճանաչվեն այնպիսին, ինչպիսին եղել են իրականում՝ ցեղասպանություն:

«Հայաստանում մենք չունենք որևէ փաստաթուղթ, որը 1988-ի Սումգայիթում հայերի ջարդը որակում է որպես ցեղասպանություն»,- շեշտեց Ալավերդյանը:

Վերջինս ընդգծեց, որ միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը այդ գործողությունները ցեղասպանություն անվանեց և պահանջեց պատժել կազմակերպիչներին ու մեղավորներին: Նա տեղեկացրեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը դիմելու է Ազգային ժողովին` որպեսզի այն ի վերջո բանաձև ընդունի, որն իրերն իր անուններով կկոչի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am