1000х90.jpg (78 KB)

Ամերիկացի գիտնականները պատմել են՝ ինչպես բարելավել հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը

Armenpress 16:29, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ամերիկացի հետազոտողներ պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը, այդ թվում՝ զբոսանքները կամ տնային գործերը, օգնում են բարելավելու հիշողությունը եւ գլխուղեղի կոգնիտիվ այլ գործառույթներ: Գիտնականների եզրակացություններին կարելի Է ծանոթանալ EurekAlert! պորտալում հրապարակված մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 454 մարդ, այդ թվում՝ 191 դեմենցիայով տառապող: Կամավորներն անցել են ֆիզիկական ուժի թեստավորում, նաեւ գնահատվել Է նրանց մտածողությունը եւ հիշողությունը 20 տարվա ընթացքում: Գիտափորձի բոլոր մասնակիցները համաձայնել են իրենց մահից հետո նվիրաբերել իրենց ուղեղները վերլուծության համար: Միջին հաշվով կյանքից հեռանալուց երկու տարի առաջ հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրն ստացել Է դաստակին հագցվող աքսելերոմետր: Սարքը շուրջօրյա հսկել Է ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նվազագույն (տեղաշարժումներ տանը), այնպես Էլ ավելի եռանդուն շարժումները՝ վարժությունները: Պարզվել Է, որ նրանք, ովքեր նստակյաց կյանք են վարել, ավելի հաճախ են տառապել թուլամտությունից եւ ավելի վատ են անցել հիշողության եւ մտածողության թեստերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am