1000х90.jpg (78 KB)

Փորձագետները հայտարարել են «Օսկար»-ի հիմնական հավակնորդներին

Armenpress 15:07, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման (2018 թ.), Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» դրաման (2018 թ.) եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը (2018 թ.) առավել մեծ շանսերն ունեն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւն ստանալու «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Այս կանխատեսմամբ հունվարի 16-ին հանդես Է եկել Gold Derby ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում Է կինոինդուստրիայի վերաբերյալ տեղեկատվության բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քուփերի ֆիլմի հաղթելու շանսերը կինոքննադատների կողմից գնահատվում Է 7 առ 1. այն պատմում Է քանթրի ոճի կատարող եւ երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին, որտեղ գլխավոր դերակատարներն են՝ Լեդի Գագան եւ Քուփերն ինքը: Նույնպիսի շանսեր ունի Քուարոնի՝ 1970-ական թվականների մեքսիկական ընտանիքի ճակատագրի մասին պատմող ֆիլմը: Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը, որն արդեն Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից նշվել Է որպես անցած տարվա լավագույն ֆիլմ, ներկայացնում Է ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու թիկնապահի՝ Թոնի Լիպի՝ 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում կատարած ճանապարհորդության իրական պատմությունը, որի ընթացքում նրանք օգտվել են այսպես կոչված «Կանաչ գրքից», որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Այս ֆիլմի՝ «Օսկար»-ի արժանանալու շանսերը նույնպես մեծ են: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում «Օսկար»-ի հնարավոր հավակորդների թվում նշվել են նաեւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» (2018 թ.) կատակերգությունը, ռեժիսոր Սփայք Լիի «Սեւ կլանայինը» (2018 թ.) եւ Ռայան Քուգլերի «Սեւ հովազը» ֆանտաստիկ մարտաֆիլմը:

Քուարոնը, Քուփերը եւ Լին, ըստ կինոքննադատների գնահատումների, որոնց վկայակոչում Է Gold Derby-ն, նախընտրելի շանսեր ունեն «Օսկար» ստանալ «Լավագույն ռեժիսոր» կատեգորիայում: Գլեն Քլոուզը, որը շվեդ ռեժիսոր Բյոռն Ռունգեի «Կինը» ֆիլմում մարմնավորել Է նյույորքցի գրականագետի կնոջը, եւ երգչուհի Լեդի Գագան, որը նկարահանվել Է «Աստղը ծնվեց» ֆիլմում, ինչպես նաեւ Օլիվիա Քոլմանը, որը նկարահանվել Է «Ֆավորիտուհին» ֆիլմում, հայտնվել են «Առաջին պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում պարգեւի հավանական հավակնորդների թվում: «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակին հավակնում են Ռամի Մալեքը («Բոհեմական ռապսոդիա»), Բրեդլի Քուփերը («Աստղը ծնվեց») եւ Քրիստիան Բեյլը, որը նկարահանվել Է ռեժիսոր Ադամ Մաքքեյի «Իշխանություն» ֆիլմում: «Օսկար»-ի անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am