1000х90.jpg (78 KB)

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին

Armenpress 15:10, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 16-ին  հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Դեսպանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները:

Կողմերը կարևորել են  ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվել են շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am