Նաիրա Զոհրաբյանի կարծիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս քրեակատարողական հիմնարկներում

Armenpress 10:48, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով պատգամավորի տեսակետին` նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի այն փակել: «Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Միգուցե ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել:  Կարող ենք փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»,-նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով` վերանորոգումը ֆինանսական լուրջ խնդիր կլինի: «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար»,-նշեց նա:

Զոհրաբյանը վստահեցրեց , որ զբաղվելու է նաև ցմահ ազատազրկվածների խնդրով:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի շտական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am