1000х90.jpg (78 KB)

Հունվարի 16՝ Beatles-ի օ՞ր, թե՞ ոչ. մի fake news-ի պատմություն

Armenpress 18:20, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանալեզու աշխարհի սոցիալական ցանցերում դեռ տարիներ առաջ տարածվել էր մի տեղեկություն, համաձայն որի հունվարի 16-ը UNESCO-ն հռչակել է որպես The Beatles անգլիական ռոք խմբի օր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը տրամադրեցին UNESCO-ի հայաստանյան գրասենյակից և հավելեցին, որ 2013 թվականին UNESCO-ն հերքել էր այդ տեղեկությունը:

Ապատեղեկատվությունը սկսել էր մեծ թափ հավաքել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Բելառուսում, ու ռոք խմբի երկրպագուները սկսել էին նշել այդ օրը որպես The Beatles-ի օր՝ առանց իմանալու, որ այդ ամենը սկսվել է ապատեղեկատվությունից:

Կարելի է ենթադրել, որ ապատեղեկատվությունը «ծնվել է» հետևյալ փաստերի հիման վրա.  հունվարի 16-ը կապվում է The Beatles-ի հետ 2 տարբեր առիթով՝ 1957 թվականի հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում բացվել էր The Cavern ակումբը, որտեղ 1960 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրահայտ ռոք խումբը: Երկրորդն էլ այն է, որ հենց այդ նույն օրը Cashbox ամսագիրը 1964 թվականին ամերիկյան հիթ-շքերթում I Want To Hold Your Hand երգին շնորհել է առաջին հորիզոնականը:

Տարվա մեջ երկու օր է նշվում որպես Բիթլզի օր՝ Global Beatles Day հունիսի 25-ին և «Beatles Day»՝ հուլիսի 10-ին:

Այդուհանդերձ, մինչ օրս տարբեր երկրներում կան լրատվամիջոցներ, որ հունվարի 16-ը շարունակում են սխալմամբ ներկայացնել որպես UNESCO-ի կողմից հռչակված The Beatles-ի օր: Նման նյութ էր տեղակայվել նաև «Արմենպրես» լրատվական գործակալության կայքում, որի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: 

Այս «անմեղ» ապատեղեկատվությունը, սակայն լավ առիթ դարձավ վերհիշելու լեգենդար անգլիական ռոք խմբին:

Ինչպե՞ս սկսվեց լեգենդար խմբի պատմությունը

«Բիթլզ» խմբի հիմնադիր, երգիչ Ջոն Լեննոնը սկզբում իր դպրոցական ընկերների հետ 1956 թվականին ստեղծել էր մի խումբ՝ Quarrymen անունով՝ իր դպրոցի՝ Quarry Bank-ի պատվին: Մի փոքր ավելի ուշ խմբին միացել էին նաև Փոլ ՄաքՔարթնին և Ջորջ Հարիսոնը: Ժամանակի ընթացքում նրանք սկսել էին ավելի ակտիվ հանդես գալ և նրանց պետք էր ավելի հնչեղ անուն մտածել:  Լեգենդներ կան, որ Ջոն Լեննոնը «Բիթլզ» անվանումը երազում է տեսել: Անվանումը պետք է այսպես հնչեր՝ Beetles (բզեզներ), սակայն հետո երկրորդ «e» տառը փոխվել է «a»-ի և ամենայն հավանականությամբ գալիս է «beat» բառից (բիթերով երաժշտություն):  Սկզբում խմբի կազմում կիթառահարը Ստյուարտ Սատլիֆֆն է եղել և հարվածային գործիքների վրա նվագել է Փիթ Բեստը: Արդյունքում Բեստին, ով այքան էլ լավ չէր նվագում, ինչպես խմբի մնացած անդամները, նրան փոխարինելու եկավ Րինգո Սթարրը: Սատկլիֆը լքեց խումբը և տեղափոխվեց Համբուրգ իր կնոջ հետ ապրելու, սակայն 21 տարեկանում արյան զեղումից մահացել է: Սկզբնական կազմով՝ Ջոն Լեննոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարրիսոնը և Րինգո Սթարրը, միասին աշխատել են 8 տարի: Այդ ընթացքում լույս էր տեսել 13 ալբոմ, որտեղ տեղ գտած երգերը դառնում էին հիթեր:

Բիթլոմանիա

«Բիթլոմանիա»-ն, որը խորհրդանշում էր «Բիթլզ»ների մոլի երկրպագուներին՝ սկսել է 1963 թվականից, երբ ընդամենը 10 ժամում իրենք ձայնագրել էին Please Please me երգը:

1964 թվականին մեկ շաբաթվա ընթացքում «բիթլները» 12 հորիզոնական են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ-շքերթում: Վերջին կես դարում ոչ ոքի չի հաջողվել անցնել այս ռեկորդը: Հենց այդ տարի նրանք մեկնել են ԱՄՆ՝ իրենց առաջին շրջագայությանը: Հենց այդտեղից էլ լիվերպուլյան այս քառյակը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:

Խմբի փլուզումը

Քառյակի համատեղ աշխատանքն ավարտվել է 1970 թվականին: Նրանք սկսել էին առանձին-առանձին ելույթ ունենալ: Փոլ ՄաքՔարթնին և Րինգո Սթարրը մինչ այսօր էլ ստեղծագործական ակտիվ գործունեություն են ծավալում: Ռինգոն ունի սեփական խումբը՝ Ringo Starr and his All Starr Band-ը, և արդեն 30 տարի է ինչ համերգներով հանդես է գալիս ամբողջ աշխարհով: Ջոն Լեննոնին 1980 թվականին սպանել էին, իսկ Ջորջ Հարրիսոնը մահացել է 2001 թվականին՝ քաղցկեղից:

Հայ հայտնիները «Բիթլզ»-ի մասին

«Եվրատեսիլ 2019»-ի մասնակից Սրբուկը «Բիթլզ»-ին համաշխարհային ֆենոմեն է համարում, ասել է թե երաժշտական պատմության մեջ անսահման մեծ ներդրում ունեցող երևույթ, որով «կրթվել» են շատ սերունդներ։

«Իրենց երգերի մեջ կա անսահման բարություն ու անկեղծություն, որն էլ կարծում եմ այն գլխավոր առանձնահատկությունն է, որը գրավել ու շարունակում է գրավել շատերին։ Ես շատ եմ սիրում իրենց երգացանկը, մասնավորապես` “Hey Jude”, ”Yesterday”, ”While My Guitar Gently Weeps” երգերը»,- եզրափակեց Սրբուկը։

Հետաքրքիր փաստեր

Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ հայտնի Yesterday երգն ունի ամենաշատ cover տարբերակներն ամբողջ աշխարհում: Rolling Stone ամսագրի տվյալներով բոլոր ժամանակների 500 երգից 22-ը պատկանում է The Beatles-ին: Խմբի ամենալավ հիթն է ճանաչվել Hey, Jude երգը: 2015 թվականին The Cavern ակումբը Լիվերպուլ քաղաքին նվիրել է երաժիշտների հուշարձանը, որտեղ պատկերված է լեգենդար քառյակը, որ քայլում է ծովափի երկայնքով: 1984 թվականին The Beatles խմբի երգերը երգելու համար իրավունքները վաճառվում էին աճուրդում: Հաղթել է Մայքլ Ջեքսոնը՝ փոփ երաժշտության արքան, ով վճարել է գրեթե 50 մլն դոլար: 1995 թվականին Sony ընկերությունը գնել էր Ջեքսոնից իր իրավունքների կեսը:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am