1000х90.jpg (78 KB)

Ազգային ժողովը հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակի հունվարի 17-ին

Armenpress 18:11, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները կշարունակվեն  հունվարի 17-ի նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նիստի ավարտին հայտնեց  ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին իրենց թեկնածուներին:

«Իմ քայլը» խմբակցություն

Նարեկ Զեյնալյան- առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

Ռուբեն Ռուբինյան- արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),

Մխիթար Հայրապետյան- գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

Արման Եղոյան- եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

Վլադիմիր Վարդանյան- պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

Վարազդատ Կարապետյան- պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր (15 անդամ),

Անդրանիկ Քոչարյան- տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

Բաբկեն Թունյան- տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ),

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան- մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

Միքայել Մելքումյան- տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Մանե Թանդիլյան- ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am