1000х90.jpg (78 KB)

Էդմոն Մարուքյանի կարծիքով` պետք է ակտիվացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դեսպանատների և սփյուռքի միջոցով

Armenpress 17:55, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը դանդաղում է, անհրաժեշտ է արագացնել այն եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանատների, սփյուռքի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱԺ ամբիոնից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իրապես շատ կարևոր հարց է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Կարծում եմ, որ մենք պետք է դրա կարևորությունը բարձրացնենք: Ներկայում Եվրոպայում ընտրություններ են և նրանք զբաղված են այդ օրակարգով, համաձայնագրի վավերացումը մի շարք երկրներից կողմից  մղվել է երկրորդական պլան: Կարծում եմ, որ համաձայնագրի իրագործումն ուշանում է: Կարծում եմ , որ կարելի է թե դեսպանատների, թե քաղաքական խմբերի միջոցով, այլ գրասենյակների ու սփյուռքի աջակցությամբ այնպես անել, որ եվրոպական երկրների խորհդարանները վավերացնեն համաձայնագիրը»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ իրենց խմբակցությունը որպես ընդդիմություն հետևելու է գործընթացներին, վերահսկողական իր դերն  է իրականացնելու: Մարուքյանը նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերակատարումն այս առումով  մեծ համարեց: Հանձնաժողովը նաև մոնիտորինգի լծակներ ունի:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: 2018 թ. հունիսի 1-ից այն մասնակի ուժի մեջ է մտել, և այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը և Դանիան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am