ՀՀ նախագահն արաբական ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Armenpress 13:36, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 16-ին հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR-ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար և ցանկություն հայտնել, որ այդ գործընթացը շարունակական լինի։ Զրուցակիցները ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային hամագործակցությանը վերաբերող հարցեր։ Որպես ներդրումների համար գրավիչ և հեռանկարային ուղղություններ, նախագահ Սարգսյանը առաջարկել է դիտարկել վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հյուրանոցների ու սպասարկումների ոլորտները, որտեղ, նրա խոսքով, կա փոխգործակցության մեծ ներուժ։ Նախագահ Սարգսյանն առաջարկել է նաև ճանաչողական այց կատարել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագրեր մշակելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am