Ոստիկաններն արագ բացահայտել են Երևանի բակերից մեկում տեղի ունեցած խուլիգանությունը

Armenpress 12:18, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մինչ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչել է ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվել է՝ մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել է 2 պարկուճ:Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am