Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Armenpress 11:40, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան  և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև Լոս Անջելեսի  հայկական դպրոցներ, հանդիպումներ  կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների և ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաև ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ և քննարկումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am