ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն բուժծառայությունների գնագոյացումը զսպելու անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 17:37, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բուժծառայությունների գնագոյացումը զսպելու անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանում նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի դիտարկմանը, որ վերջին շրջանում մատչելի բուժօգնություն ստանալու համար շատերը Հայաստանից մեկնում են հարևան Վրաստան:

 Զեյնալյանը շեշտեց, որ հնարավոր է համարում Հայաստանում մատչելի բուժօգնության սպասարկումը: « Անհրաժեշտ է զսպել բուժծառայությունների գնագոյացումը: Դա թողնված է բաց, յուրաքանչյուր բուժհիմնարկ իր գնացուցակն է որոշում, ստացում են ավելի բարձր թվեր: Դա է պատճառը, որ վերջին տարիներին մեկնում են հարևան հանրապետություն բժշկական սպասարկումից օգտվելու համար: Սակայն այդ հարցը լիարժեք կարգավորելի և վերահսկելի է»,-ասաց Զեյնալյանը:

 Նա նաև նկատեց, որ Հայաստանում դեղերի վրա ավելացված արժեքի հարկ է կիրառվում, իսկ հարևան հանրապետությունում դեղորայքը մոտ հիսուն տոկոսով էժան է: Դրանից էլ ի հայտ է գալիս դեղերի ապօրինի շրջանառության հարցը: Զեյնալյանն այս հարցը ևս վերահսկելի համարեց:

Նարեկ Զեյնալյանը հունվարի 15-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել է առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am