Հայկական բիզնեսն աշխարհում ամենուր է, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է. Արմեն Սարգսյան

Armenpress 15:52, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հունվարի 15-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես նախագահ, խոսում է համագործակցության մասին՝ նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է։ Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am