Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Armenpress 16:17, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 14-ին ը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարևորության հարցերի քննարկման և համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ՝ հանրային-քաղաքական ակտիվ ներգրավվածությունը և խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը՝ ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության և Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման:

Երկու հայկական խորհրդարանների միջև ձևավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն և նոր որակ արձանագրելու համար։ Համոզված եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները և ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»։

Հունվարի 14-ին Արարատ Միրզոյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել, իսկ մնացած 131 պատգամավորները քվեարկել են Արարատ Միրզոյանի  օգտին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am