Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ

Armenpress 14:24, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 13-ին հանդիպել է Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Մոհամմեդ Ալ Մուհաննայի հետ (Thabet Mohammed Al-Muhana):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նահանգապետ Ալ-Մուհաննան ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակությամբ ընդգծել Երևան և Էլ-Քուվեյթ քաղաքների միջև առկա համագործակցային մթնոլորտը՝ հույս հայտնելով այս տարի առավել ակտիվացնել բարձր մակարդակի շփումները և կյանքի կոչել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նահանգապետին փոխանցել է  Երևանի նորընտիր քաղաքապետի ողջույնները և վստահեցրել, որ երկկողմ հարաբերություններում առկա բարեկամական ոգին լավ նախադրյալներ է ստեղծում երկու քաղաքների միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով զարգացնելու համար։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am