ՀՀ փաստաբանների պալատը կքննարկի փաստաբաններին վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանելու հարցը

Armenpress 14:55, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունում:

«2019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Փաստաբանների պալատն արձանագրում է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները  (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում, փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:

Փաստաբանները քննարկման առարկա են դարձնելու նաև  զգայուն քրեական գործերով փաստաբանների կողմից հրապարակային վարքագծում զսպվածություն ցուցաբերելու հետ կապված հարցը:

Հ.Գ.Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec (2000)21  հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից:

Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսևորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am